ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում հայտարարել են կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկման մասին։ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով` հիվանդների թիվը զգալիորեն ավելացել է, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Սա հինգերորդ ալիքի սկիզբն է։ Ցավոք, այս ալիքը բավական բարձր ցուցանիշից է մեկնարկում, և այդ պատճառով անհրաժեշտ է, որ բոլորը հաշվի առնեն դիմակ դնելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, բազմամարդ վայրերից խուսափելու և պատվաստվելու վերաբերյալ խորհուրդները», – ասել է Գամկրելիձեն։
Նրա խոսքով` վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը վատթարացել է երեք շրջաններում` Կախեթի, Իմերեթի և Սամեգրելո–Զեմո Սվանեթի, որտեղ պատվաստման մակարդակը համեմատաբար ցածր է։
Համեմատաբար ավելի լավ է իրավիճակը Աջարիայում և Թբիլիսիում, որտեղ պատվաստման մակարդակը մյուս շրջանների համեմատ բարձր է։
Գամկրելիձեն համոզված է, որ միայն պատվաստումը կարող է կանգնեցնել համաճարակը։ Հինգերորդ ալիքը ծանր կլինի, այդ պատճառով էլ նա ևս մեկ անգամ խնդրել է բնակչությանը պատվաստվել։
Գամկրելիձեն ասել է, որ պատվաստվել է միլիոն հոգի, բայց առնվազն մեկ միլիոն էլ պետք է պատվաստվի, որպեսզի երկիրը հանգիստ դիմավորի Ամանորը։