ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մարզպետարանի կողմից աջակցություն տրամադրելը սովորական բան է։ Դա ՏԻՄ ընտրությունների հետ կապ չունի, բնականոն ու շարունակական գործընթաց է: Լրագրողներին այս մասին ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը։
Նշենք, որ ընտրությունների նախաշեմին մարզպետարանը գումար է բաժանել է 48 ընտանիքի, որոնցից 42-ը Գյումրիից են:
Հարությունյանը նշեց, որ աջակցություն տրամադրելը սովորական գործընթաց է, և դա այս պահին շահարկելն անտեղի է:
Նա շեշտեց, որ իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների:
Մարզպետը նշեց, որ պատրաստ է լինել քաղաքապետ, եթե ժողովուրդը տա իր քվեն: Այլ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն Հարությունյանն այս պահին չի տեսնում։
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Գյումրու թիվ 31/05 ընտրատեղամասում։
Լրագրողների` ընտրություններից առաջ Գյումրու քաղաքապետարանում իրականացված «կադրային ջարդի» մասին հարցին մարզպետը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ գուշակություններով չի զբաղվում:
«Ինձ առաջարկում եք բացառել մի բան, որի մասին չկա խոսակցություն»,-նշեց մարզպետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Դրան հաջորդած օրերին քաղաքապետի պաշտոնակատարն աշխատանքից ազատել էր հայեցողական պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց:
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։
Գյումրիում ընտրություններին մասնակցում են 10 քաղաքական ուժ`
«Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը,
«Արժանապատիվ ուղի» կուսակցությունը,
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը,
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը,
«Գյումրին կռնա´» կուսակցությունների դաշինքը,
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը,
«Թասիբով» կուսակցությունների դաշինքը,
«Ապրելու երկիր» կուսակցությունը։