ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում բացահայտել է մի քանի ըմպելիքների օգտակար և վնասակար հատկությունները։
Մասնագետի խոսքով` մարդու առողջության համար առավել վտանգավոր են քաղցր գազավորված ըմպելիքները, որոնք վաճառվում են ամենուր։
«Մի բան, որը շաքարախտ, գիրություն ու արդյունքում քաղցկեղ է առաջացնում։ Եվ դա իսկապես անառողջ լինելու ճանապարհ է` սկսած օստեոպորոզից և վերջացրած ուռուցքաբանական և սրտի հետ կապված խնդիրներով», – պարզաբանել է Մյասնիկովը։
Բժիշկը նշել է, որ նույնիսկ սովորական ջուրը պետք է խմել միայն այն ժամանակ, երբ ծարավի զգացում ես ունենում։ Սակայն ընդհանուր առմամբ` այն պակաս վնասակար է առողջության համար, ընդգծել է նա։
Մյասնիկովը պատմել է նաև թեյի և սուրճի օգտակար հատկությունների մասին։ Մասնավորապես, սուրճը նպաստում է սրտանոթային և լյարդի հիվանդությունների կանխարգելմանը, իսկ կանաչ թեյը, իր հերթին, հակաքաղցկեղային հատկությամբ է օժտված։
Ավելի վաղ Ռեդինգի համալսարանի գիտնականներն ասել էին, թե որ ըմպելիքը կարող է երկարացնել կյանքը։
Խոսքն օրական մեկ բաժակ կաթ օգտագործելու մասին է։ Նշվում էր, որ միևնույն ժամանակ օրգանիզմում նվազում է խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև 14 տոկոսով նվազում է սրտի իշեմիկ հիվանդության վտանգը։