ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ճանաչված երգչուհի Էմմին Instagram–ի իր էջում լուսանկարներ է հրապարակել հանգուցյալ մոր`սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ ու հուզիչ գրառում արել` նվիրված մոր տարեդարձին։
Նշենք, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը այսօր կդառնար 67 տարեկան, բայց 2018–ին մահացավ ծանր հիվանդությունից։
«Կարոտից ուղեղս բթանում է: Ես երջանիկ եմ և ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է: Ուզում եմ խոսել ծնողներիս հետ, տեսնել նրանց, գրկել... բայց երբ գիտակցում եմ, որ հնարավոր չէ դա անել, օգնության է գալիս իմ մեջ ապրող փոքրիկ ռոբոտը: Մեկ-մեկ էլ վալերյանան: Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես»,–գրել է Էմմին:
Երգչուհու հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել, նշելով, որ իրենք էլ են կարոտում տաղանդավոր երգչուհուն։
««Հիշատակը վառ լինի, Էմմի ջան, մայրդ հրաշք էր»,«Ծնողներին ոչ ոք ու երբեք չի փոխարինի», «Գրկիր բալիկներիդ, ու ցավդ մի փոքր կմեղմանա»»,–գրել են նրանք։
Նշենք, որ Նադեդեժդա Սարգսյանը հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Նրա երգացանկում էին Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի ստեղծագործությունները։
Նա քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն էր։
Նադեժդան մահացել է 64 տարեկան հասակում։ Նա տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ, վերջին տարիներին նույնիսկ հայտարարում էր, որ իրեն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։