Կարմիրբերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկում են այն

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի խոսքով` բազմաթիվ ահազանգեր ունեն ապօրինությունների և ընտրախախտումների հետ կապված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Գորիսում կարմիրբերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն են իրականացնում։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը լրագրողների հետ նախնական զրույցում հայտնեց, որ չի կարող ասել, թե ինչու են ոստիկանները մտել շտաբ` հավելելով, որ նրանք անգամ չեն ներկայացել։
Կուտակումներ Գյումրու տեղամասերից մեկի մոտ. ՏԸՀ նախագահը բացատրել է` ովքեր են հավաքվածները
Գորիսի մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանները շտաբում խուզարկություն են իրականացնում։

«Մենք այսօր բազմաթիվ ահազանգեր ունենք ապօրինությունների և ընտրախախտումների հետ կապված, մասնավորապես Տեղ համայնքում ընտրակաշառք է բաժանվել, այդ ամենը նաև լրագրողներն են նկարահանել, բայց, ինչպես տեսնում եք, ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ այս դաշինքի դեմ աշխատելու համար»,–ասաց նա։

Յոլյանի խոսքով` բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ են, ուղղորդումներ և կրկնակի քվեարկություններ կան, բայց ոստիկանությունն աչք է փակում այդ ամենի առաջ։
«Ինչքան ուժային կառույցներ գիտեք, բոլորը կենտրոնացված են Գորիսում։Ահաբեկում են ամբողջ քաղաքին։ Այսօր «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին ոստիկանները բերման են ենթարկել, քանի որ նրա հարևանուհի տարեց կինը, հիվան դոտքով, խնդրել է իրեն տանել ընտրության»,–ասաց Յոլյանը։
Նշենք, որ ոստիկանները շտաբ մուտք գործել թույլատրեցին միայն Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին և փաստաբան Արմեն Մելքոնյանին։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։
10 քաղաքական ուժ, 287 թեկնածու. Գյումրին ավագանի ու քաղաքապետ է ընտրում
Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: