ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով, հայտնի է թե ով է լինելու Դիլիջանի քաղաքապետը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Դիլիջանում հաշվարկն ավարտվեց․ 57% ձայնով հաղթեց ՔՊ-ն։ Շնորհակալ ենք դիլիջանցիներից վստահության համար»,-գրել է Ալեքսանյանը։
Պատգամավորը հրապարակել է նաև Դիլիջանի նոր քաղաքապետի՝ Դավիթ Սարգսյանի լուսանկարը։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։
Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: