Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել. փաստաբան

Փաստաբան Արմեն Մելքոնյանը մանրամասներ է հայտնել քրեական գործի բնույթի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացնում։ Պատճառը, ըստ փաստաբան Արմեն Մելքոնյանի, ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցված քրեական գործն է։

«Հարուցվել է քրեական գործ, իբրև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր`ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն»,–ասաց Մելքոնյանը։

Փաստաբանի խոսքով` իրենց տվել են որոշման օրինակը, սպասում են խուզարկությունը կատարեն, որպեսզի «սպասված» գումարները, ցուցակները հայտնաբերեն այստեղից։
Նշենք, որ դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։
Կարմիրբերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկում են այն
Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: