ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջիկայում կարող են սկսել Covid թեստավորման պատասխան պահանջել ոչ թե 2 շաբաթը մեկ անգամ, այլ ամենշաբաթյա պարբերականությամբ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պարզաբանելով, որ թեև իրենք արդյունավետ են համարում նախարարության՝ 14-օրյա պարբերականությամբ թեստավորում պահանջելու որոշումը, բայց ուսումնասիրում են նաև այլ երկրներում ընդունված պրակտիկան։
15 հոկտեմբերի 2021, 23:36
«Նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են»,– ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, Ավանեսյանի խոսքով, արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում ավելացել է պատվաստվողների թիվը։
«Եվ մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասաց նա` հույս հայտնելով, որ պատվաստվողների թվի աճին զուգահեռ կնվազի վարակվածների թիվը։
«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հնարավորինս զսպելու հիվանդության տարածումը»,– ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։