Ալիևը փորձում է հանդես գալ հաղթողի դիրքերից և թիրախավորում է ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին` ակնարկելով, որ երկու երկրներն իրականացրել են թմրանյութերի տարանցում։ Ադրբեջանը կարծես թե խնդիրներ ունի կամ տեսնում է, որ խնդիրներ է ունենալու միջազգային ատյաններում, ուստի այդ պատճառով էլ նախահարձակ է լինում։ Վերլուծելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱՊՀ առցանց նիստի ելույթը` Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«ԱՊՀ-ն հաստատ այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկել այդ հարցերը, պարզապես հարմար է այնքանով, որ կազմակերպությունում լիդերի կարգավիճակ ունի Ռուսաստանը, իսկ հայ–ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը կարգավորվում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով, որոնց երաշխավորը Ռուսաստանն է։ Բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է այն, ինչը նրան պետք չէ»,– ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանը վկայակոչեց Փաշինյանի խոսքերը, որ հայկական կողմը պատրաստ է վերադարձնել ականապատ բոլոր տարածքների քարտեզները, պատրաստ է սկսել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, պատրաստ է ճանապարհների վերաբացմանը և առաջարկում է ուժեղացնել հրադադարի ռեժիմի վերահսկողությունը, մինչդեռ Ադրբեջանին հետաքրքրում է նախևառաջ միջանցքը, Սյունիքով տարածք ունենալը։
«Փաշինյանը ճիշտ հարցադրումներ է անում, երբ պահանջում է իրականացնել եռակողմ հայտարարություններում ամրագրված կետերը, և այստեղ բավականին մեծ է Ռուսաստանի անելիքը։ Բայց այս պահին ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանն ինչ–ինչ նախապայմանների իրագործման դեպքում կվերադարձնի ռազմագերիներին։ Միայն ՀՀ–ի և ՌԴ–ի համատեղ ջանքերով է հնարավոր լուծել ռազմագերիների վերադարձի խնդիրը»,– նշեց քաղաքագետը։
Բաղդասարյանի կարծիքով` պատերազմից հետո ոչինչ չի փոխվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է վայելել իր դաշնակիցների անվերապահ աջակցությունը, ավելին` 44-օրյա պատերազմի ընթացքում այդպես էլ ոչ մի պետություն կամ միջազգային կազմակերպություն չդատապարտեց Ադրբեջանին։ Հետևաբար` վերջինս գիտակցում է, որ տարածքային ամբողջականության հարցում միջազգային հանրությունը աջակցում է իրեն, բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ունի վերապահում։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ իր ելույթում մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի և Իրանի դեմ՝ Արցախով «դեպի Եվրոպա միջազգային թմրաշրջանառություն կազմակերպելու», ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին չհանձնելու, ԼՂ տարածքում «ադրբեջանական հուշարձաններն ու բնակավայրերը ավերելու» մեջ:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ։ Եվ որ ԱՊՀ–ն փոխադարձ մեղադրանքների հարթակ չէ, և Հայաստանն իր դիրքորոշումները ներկայացրել է համապատասխան միջազգային կառույցին` ՄԱԿ -ի Հաագայի միջազգային դատարանին: