ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու պատվաստումային գործընթացը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ից Covid թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում աճել է նաև դրական պատասխանների թիվը:
Նախարարի տեղեկացմամբ`հանրապետությունում կորոնավիրուսի բուժման նպատակով ծավալվել է 22 բժշկական կենտրոն, առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով՝ հասնելով 2877-ի: Երևանի, Սևանի և Հրազդանի մի քանի ԲԿ-ներում երկուշաբթի օրվանից կառանձնացվեն կորոնավիրուսի բուժման նոր բաժանմունքներ:
Ներկայումս ԲԿ-ների ստացիոնար բաժանմունքներում զբաղված է 2019 մահճակալ, ևս 382 մահճակալ զբաղված է վերակենդանացման բաժանմունքներում:
930 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, 222–ինը` ծայրահեղ ծանր, 89 պացիենտ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին:
Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ նախարարը նշել է, որ վերջին մեկ օրում պատվաստվել է 16 722 քաղաքացի, ընդհանուր պատվաստված քաղաքացիների թիվը հասել է 583 745-ի:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։