ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր Երևանում տեղեկատվական միջոցառում է անցկացրել` «Մայրի՛կ, հետազոտվիր, որ լինես առողջ» խորագրով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ նման նախաձեռնությամբ ցանկանում են քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնել` ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ:
«Բժշկագիտության զարգացմանը զուգընթաց մենք տեսնում ենք, որ հիվանդության վաղ հայտնաբերումը թույլ է տալիս հնարավորինս խնայող բժշկական միջամտություններ կիրառել և վերադառնալ բնականոն կյանքին»,-ասել է նախարարը։
Ավանեսյանը հայտնեց, որ Հայաստանում մի շարք նոր ծրագրեր են մեկնարկել, որոնք օգնում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։ Օրինակ` ՀՀ 3 մարզերում իրականացվում են սքրինինգային ծրագրեր: Վանաձորում շարժական մամոգրաֆիկ կենտրոնի աշխատանքի 6 ամսվա ընթացքում 5530 կին է հետազոտվել։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով խորհրդատու, գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոկչյանն էլ նշեց, որ 2019 թվականից ուռուցքաբանական լիցենզավորում ունեցող բոլոր հիվանդանոցներում վիրահատություններն անվճար են։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ճառագայթային թերապիան ևս անվճար է:
«Այն քայլերը, որոնք կատարվել են 2019-ից ի վեր բժիշկներիս օգնում են, որ կարողանանք առավել լիարժեք բուժել մեր հիվանդներին: Եթե քաղցկեղը հայտնաբերում են առաջին փուլում, այն 97 կամ 98 տոկոսով հնարավոր է բուժել»,-ասաց Գյոկչյանը:
Կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը 1-ին տեղում է։ Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավելի նոր դեպք, իսկ վերջին տարիներին հիվանդության աճը կազմել է 20 %: