Արտադրողները կկարողանան ավելի հեշտ պայմաններով սարքեր ներկրել. Էկոնոմիկայի փոխնախարար

Վարոս Սիմոնյան
Վարոս Սիմոնյան
Վարոս Սիմոնյանը ներկայացրեց, թե 2009-ից մինչ օրս քանի ընկերություն է օգտվել հին արտոնությունից և ինչքան աշխատատեղ է բացվել դրա արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի արտադրողները կկարողանան սարքավորումներ և հումք ներմուծել ավելի պարզ պայմաններով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը` մեկնաբանելով հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները։
2009-ից մինչ օրս արտադրական ոլորտի ներդրումային ծրագրերով ներմուծվող սարք–սարքավորումներն ու հումքը, ըստ Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի, մինչև երեք տարի ժամկետով ազատվում էին ԱԱՀ–ից։
Դրա համար արտադրողներին պետք էր, որ կառավարությունը հավանություն տա իրենց ներդրումային ծրագրին։
Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան
Դրսից ներմուծվող արտադրանքից մատչելի կլինի. Արցախում ցեմենտի գործարան է բացվել
2009-2021 թվականներին ԱԱՀ–ի հետաձգում են ստացել շուրջ 150 ընկերությունների ծրագրեր։ Վերլուծելով, թե արտադրական կարիքների համար նրանք ինչ ապրանքներ են ներմուծել` նախարարությունը կազմել է ԱԱՀ-ից ազատվող ներդրումային ապրանքների ցուցակ։ Դրա հետ մեկտեղ, ըստ անհրաժեշտության, ցանկը կարող է լրացվել։

«Նախկինում կարող էր լինել այնպես, որ մի տնտեսվարողի ծրագիրը կառավարության կողմից հավանություն ստանար, մյուսինը` ոչ, և հետևաբար մեկն արտոնություն կստանար, մյուսը չէր ստանա։ Իսկ հիմա բոլորը հավասար վիճակում կլինեն», –ասաց Սիմոնյանը։

Նա հիշեցրեց, որ հուլիսի մեկից արդեն իսկ ԱԱՀ–ի գերավճարը (դեբետը) բիզնեսին վերադարձվում է մեկ ամսվա ընթացքում։ Այսինքն` անգամ եթե ձեռնարկության կողմից ներմուծվող ապրանքը չկա ցանկում, նա մեկ ամսում հետ կստանա ներմուծված ապրանքի ԱԱՀ–ն։
Խոսելով ԱԱՀ–ի հետաձգման մեխանիզմի արդյունքների մասին` Սիմոնյանը նշեց, որ 2009-17 թվականներին դրանից օգտվել է 98 ներդրումային նախագիծ, 2018-21 թվականներին` 50 նախագիծ, որից երկուսն են «հետ–քովիդային» 2021-ի նախագիծ։
Ընդհանուր առմամբ, ամբողջ ընթացքում այդ ծրագրերով ներմուծվել են 434,63 միլիարդ դրամի սարքեր և հումք, որոնք գեներացրել են մեկ տրիլիոն 74 միլիարդ դրամ ներդրում, որոնցից փաստացի արդեն կատարվել է 941 միլիարդը (ծրագրերի մի մասը դեռ ընթացքում են)։
Հայաստանում ներդրումների համար շահութաբեր ոլորտները գնալով պակասում են. Քթոյան
Նախատեղված 16 հազար 546 աշխատատեղից, փաստացի ստեղծվել է մի փոքր ավելի` 16 587-ը։
Սիմոնյանի խոսքով` այդ տվյալները ստացվում են ՊԵԿ–ից, այսինքն` այդ բոլոր աշխատատեղերը պաշտոնապես գրանցված են։
«Մենք պարբերաբար հետևում ենք այդ ծրագրերի կատարման ընթացքին, և առանձին դեպքերում ԱԱՀ–ի հետաձգումը կասեցվել է այն տնտեսվարողների համար, ովքեր չեն կատարել իրենց ծրագրերը։ Սակայն դրանց մեծամասնությունը կատարվել է, ինչը երևում է թե՛ այդ ընկերությունների հաշվետվություններից, թե՛ ՊԵԿ–ի տվյալներից` աշխատատեղերի մասին», – հավելեց փոխնախարարը։
Այժմ տնտեսվարողները, անկախ ամեն ինչից, ԱԱՀ–ից կազատվեն ներմուծման պահին։ Փոխնախարարը նշեց, որ կառավարությունը ելնում է այն մտքից, որ այսպես թե այնպես բերված սարքավորումները ստեղծելու են տնտեսական արդյունք։
Հայրենական ապրանքներին ի վնաս գործող ներմուծման արտոնությունները կվերացվեն. նախարար
Նա հիշեցրեց, որ ի լրումն ԱԱՀ–ից ազատման, սարքերի և հումքի համար շարունակելու է գործել մաքսատուրքից ազատման արտոնությունը, եթե այդ ապրանքները կներկրվեն ԵԱՏՄ–ից դուրս գտնվող երկրներից։ Այս դեպքում ներդրումային ծրագիրը, նախկինի պես, պետք է հավանություն ստանա կառավարությունից (մասնավորապես` տնտեսվարողը պետք է հիմնավորի, որ այդ ապրանքները չեն արտադրվում ԵԱՏՄ երկրներում կամ չունեն անհրաժեշտ որակական հատկանիշներ)։
Մինչ օրս մաքսատուրքի արտոնություն են ստացել 222 ներդրումային ծրագրեր, որոնց ներքո արդեն ստեղծվել է 13 620 աշխատատեղ (այդ ծրագրերի մի մասը արտոնություն է ստանում նաև ԱԱՀ–ի գծով)։