Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները հանդիպել են ՌԴ–ում

Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյանը զրուցել է նաև «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հեռանկարները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) իրականացման հնարավորություններին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ի թիվս այլ հանդիպումների` փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան Էներգետիկ շաբաթ» համաժողովի հարթակում զրույց է ունեցել «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին։ Քննարկվել են նաև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերը։
Հիշեցնենք` Պապիկյանը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով։
Համաժողովն էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ է, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները։