ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում են «Առուշ Առուշանյան» դաշինքից։
Որպես ասվածի ապացույց` դաշինքը նաև լուսանկարներ է հրապարակել Հովսեփյանի հետ։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում հոկտեմբերի 14-ին որոշվել էր, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակեն։
Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17–ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):