ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ֆինանսական խարդախությունները տեղափոխվել են համացանց։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վերլուծել է վերջին շրջանում կատարված այս տեսակի հանցագործություններն ու հանգել այն եզրակացության, որ առանձին անհատներ ու հանցավոր խմբերը, օգտագործելով ՏՏ ոլորտի նորարական տարբեր գործիքներ և միջոցներ, թիրախավորում են հիմնականում միջին ու բարձր տարիքի, սոցիալապես անապահով ու խոցելի խավին՝ օգտվելով նրանց` ՏՏ ոլորտից իրազեկվածության ցածր մակարդակից:
«Գաղտնիք չէ, որ համացանցում լայն տարածում են գտել տարբեր անվանումներով վարկային և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին գովազդը հիմնականում տարածվում է սոցիալական ցանցերի՝ մասնավորապես «Ֆեյսբուքի» միջոցով»,– նշում է ԱԱԾ–ն:
Այդ կազմակերպությունների անվան տակ քաղաքացիներից գումարներ են հափշտակում` գայթակղելով վարկային «շահավետ» պայմաններով: Քաղաքացիները ցանկալի վարկը ստանալու խոստման դիմաց համացանցի միջոցով անծանոթներին են տրամադրում իրենց անձնական տվյալները, կատարում նրանց պահանջած դրամական փոխանցումները և դառնում խարդախության զոհ:
Անցանկալի իրավիճակներից խուսափելու համար Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել դրանց առաջարկած ծառայությունների ու պայմանների իսկությունը.
• ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում գտնել տեղեկություններ տվյալ կազմակերպության մասին հետևյալhttps://www.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx հղումով, կամ զանգահարել ԿԲ–ի թեժ գծի՝ 010-59-26-97, 011-56-19-54 և 011-56-39-50 հեռախոսահամարներին:
• Կազմակերպության մասին տեղեկություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայությունների (www.e-regis¬ter.am) կամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (petekamutner.am) կայքերից:
• Պարզել տվյալ կազմակերպությունների կոնտակտները։ Այցելել դրանց գրասենյակներ:
• Կասկածելի վարքագիծ կամ անօրինական որևէ երևույթ նկատելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին: