ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակն արդեն «Էրեբունի» ավիաբազայում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը։
Երևան հասած բեռը
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով՝ 100 հազար դեղաչափով բեռը Երևան է հասել հատուկ չվերթով։ Պատվաստանյութը նախատեսված է 50 հազար մարդու համար։
«ՀՀ պաշտպանության նախարարության և քաղաքացիական բնակչության համար նախատեսված պատվաստանյութը Երևան է բերվել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում», - ասաց Ռատուշնյակը։
Իգոր Ռատուշնյակ
© Sputnik / Aram Nersesyan
Ռատուշնյակը նշեց, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի մատակարարման ժամկետների հարցում դեռ հստակություն չկա:
Ավելի վաղ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Պրիմակը Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որն արտադրվել է Հայաստանում, Ռուսաստան է ուղարկվել` որակի վերահսկում անցնելու։