Փաշինյանը գյուղացուն առաջարկում է իր այգու ծառերը հանել, տեղը դնել կառավարության տնկիները

ՀՀ վարչապետն էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին հանձնարարեց մշակել պետական աջակցության համապատասխան ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին առաջարկում է հանել իրենց այգիների չսերտիֆիկացված ծառերն ու փոխարենը տնկել կառվարության տրամադրած բարձր բերքատվությամբ տնկիները։
Այս առաջարկն այսօր վարչապետը հնչեցրեց կառավարության նիստում` ՀՀ էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին հանձնարարելով մշակել համապատասխան աջակցության ծրագիրը։
Ջուրն ավելի է թանկանալու. կառավարությունն առաջարկում է 5 տարի ոռոգման ջրի դիմաց չվճարել
«Ես Հայաստանի գյուղական բնակավայրերով երբ որ անցնում եմ, նայում եմ մարդկանց այգիներին ու բակերին և տեսնում եմ մի այսպիսի առանձնահատկություն. տնամերձ այգիները մեր քաղաքացիները չեն դիտարկում որպես եկամտի պոտենցիալ աղբյուր` դե, ծառ է, տնկած է, կա՛մ բերք կտա, կա՛մ չի տա։ Եվ, գործնականում, մենք այստեղ մտածողության փոփոխության կարիք ունենք»,– ասաց Փաշինյանը։
Նրա դիտարկմամբ` նման տնամեձ հողամասերը, որպես կանոն, չեն հաշվառվում իբրև չմշակվող հողատարածքներ, թեև գործնականում դրանց բերքատվությունը գրեթե զրոյական է։

«Եթե քաղաքացին համաձայնում է իր հողամասը մաքրել, բոլոր չսերտիֆիկացված ծառերը հանել, կառավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի։ Պլյուս` եթե իրենք այդ տնկիների համար ունենան կաթիլային ոռոգման համակարգ»։

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ
Նշենք, որ կառավարության մեկ այլ որոշմամբ` պետությունն այսուհետ կփոխհատուցի կաթիլային ոռոգման համակարգ տեղադրած բոլոր տնտեսվարողների ոռոգման ջրի 5 տարվա վարձը։
Կառավարությունը գյուղացուն կօգնի բարձրորակ ցորենի սերմ ցանել