ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին ելույթ է ունեցել։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նա անդրադարձել է կառույցի հետագա զարգացմանը, ընդգծել է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը։
Վերոնշյալը Միրզոյանը շեշտել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում։ Կարևորելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։
ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք հաջորդ օրը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։ Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2022թ. ծրագիրը, Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը, Ահաբեկչությանը և ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդման խնդիրների հետազոտության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպություն ստեղծելու որոշումը և այլ փաստաթղթեր:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Բելառուսի մայրաքաղաքում կգտնվի հոկտեմբերի 14-15-ը։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախորդ նիստն անցկացվել էր ապրիլի 2-ին Մոսկվայում։