ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Եվրոպական միության անդամ երկրների դեսպաններին, ԱՄՆ դեսպանին և միջազգային կազմակերպություններին` նրանց իրազեկելով հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ:
Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։
Նշվում է՝ արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահները նույնիսկ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների:
«Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների ընտրողաբար կիրառման և ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին: Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մեղրիի և Սիսիանի նախկին քաղաքապետներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանքի տակ են: Նրանք մեղադրվում են ընտրական հանցագործությունների մեջ, իսկ ընդդիմությունը նրանց դեմ հարուցված քրեական գործերը համարում է շինծու: