ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը ևս մեկ կարևոր ձևաչափ է խնդիրների հաղթահարման ու վստահության մթնոլորտի ստեղծման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար: Այսօր ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հանդիպումն առաջինը չէր, կրոնական առաջնորդների միջև շփումները տասնամյակներ շարունակ պահպանվում են։ Դրանք առանձնանում են վստաության բարձր մթնոլորտով», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, ներառյալ վստահության ամրապնդումը, հումանիտար խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության օբյեկտների պահպանումը։
Նա նշել է, որ սա եզակի ձևաչափ է, որը նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման խորացմանը և միջկրոնական երկխոսության առաջխաղացմանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 12-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Հոկտեմբերի 13-ին կայացել է հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։