ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բժիշկ-իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը «Газета.Ru»-ին տված հարցազրույցում պատմել է, թե որ դեպքում կորոնավիրուսով վարակված մարդը պետք է անհապաղ դիմի բժշկական օգնության։ Նրա խոսքով՝ անգամ ոչ շատ բարձր ջերմության դեպքում պետք է խորհրդակցել տեղամասային բժշկի հետ կամ զանգահարել COVID-19-ի թեժ գծին։ Եթե ավելի լուրջ ախտանշաններ կան՝ ապա բժիշկների անհապաղ միջամտություն է պահանջվում։
«Պետք է շտապ օգնություն կանչել և հիվանդանոց գնալ դժվարացած շնչառության և անվերահսկելի ջերմության դեպքում, ինչպես նաև ծանր ինտոքսիկացիայի և թուլության ժամանակ»,-պարզաբանել է Պրոդեուսը։
Վարակաբան Պավել Վոլչկովն իր հերթին նշել է, որ COVID-19-ի թեստ պետք է հանձնեն նաև հազ, հարբուխ և կոկորդի ցավ ունեցող հիվանդները: «Մարմինը ջարդվելու» զգացողությունը, նրա խոսքով, ազդանշան է հիվանդության ավելի լուրջ փուլի մասի։
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է SARS-CoV-2-ով վարակման ավելի քան 238,2 մլն դեպք, 4,8 մլն մարդ մահացել է: Վարակն ամենաշատը տարածված է Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում. Ռուսաստանն այս ցանկում հինգերորդ տեղն է զբաղեցնում։
Պատվաստումը մնում է պաշտպանության ամենահուսալի միջոցը։ Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում պատվաստվածների բաժինը կազմում է 0,03 տոկոսից պակաս, իսկ հիվանդանոցներում բուժվող պացիենտների ճնշող մեծամասնությունը չի պատվաստվել: