Անձնագրում պետության փոխարեն կարող է նշվել քաղաքացու ծննդավայր քաղաքը կամ գյուղը

Եթե քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք է, օրինակ` Արցախի Հանրապետությունը, դա որոշակի իրավական խնդիրներ է առաջացնում քաղաքացու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացու անձնագրում կամ նույնականացման քարտում «ծննդյան վայրը» գրության դիմաց պետության փոխարեն կարող է նշվել անձի ծննդավայր հանդիսացող քաղաքը, ավանը կամ գյուղը։ Ընդ որում, դրանցից որը գրել` որոշելու է հենց ինքը` քաղաքացին։
Այս փոփոխությունը նախատեսված է կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծով։
Տղաներն անձնագիր կստանան ոչ թե մինչև 18, այլ 19 տարեկանը լրանալը
Ինչպես նշված է նախագծի հիմանավորման մեջ, այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ներկայում ՀՀ քաղաքացու անձնագրի ու նույնականացման քարտի մեջ «ծննդյան վայրը» դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում նա ծնվել է: Այս մոտեցումը, սակայն, որոշակի խնդիրներ է առաջացնում, եթե քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք է: Օրինակ` Արցախի Հանրապետությունը։
Իմ անձնագիրն ի վերջո կլինի, բայց արդյոք կլինե՞մ ես, կամ անձնագրերի «արկածները» Հայաստանում
Ըստ ոստիկանության` բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին իր ծննդյան վայրը փոխելու խնդրանքով դիմում է Անձնագրային և վիզաների վարչություն` օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս խնդիրներ չունենալու համար:
Կառավարության հավանությանն արժանացած նախագծերի փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։