Standard&Poors վարկանշային կազմակերպությունը առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանը

Հայաստանի կենտրոնական բանկի շենքը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Standard&Poors վարկանշային կազմակերպությունը 2021 թ. հոկտեմբերի 12-ին առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից:
ՀՀ բանկային անկանխիկ համակարգը պատրաստ է 2022–ից սպասվող ծանրաբեռնվածությանը. Խաչատրյան
Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաև արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի վարկանիշ, ինչպես նաև որոշել է փոխանցման և փոխարկելիության երկրի գնահատականը. այն սահմանվել է «BB-»: Վերջինս մեկ մակարդակով բարձր է երկրի սուվերեն վարկանիշից, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն (B+) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB-) վարկանիշ:
Նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի «դրական» հեռանկարն արտացոլում է Standard&Poors-ի կարծիքն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված ռիսկերը գերակշռում են և առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են հանգեցնել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման:
Համաշխարհային բանկը գրեթե կրկնապատկել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը հիմնված է Standard&Poors-ի փորձագետների այն գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարեց համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը: 2020թ.-ի լուրջ և սինխրոնիզացված ցնցումներին դիմակայելուն նպաստել է նաև Հայաստանի կենտրոնական բանկը՝ իր ճկուն դրամավարկային քաղաքականությամբ:
Ասիական զարգացման բանկը «Հայաստանի էլցանցին» 35 մլն դոլարի վարկ է հատկացրել
Standard&Poors-ի կողմից սուվերեն վարկանիշի ստացումը կնվազեցնի Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշի ստացման հետ կապված ծախսերը, քանի որ սուվերեն վարկանիշի բացակայության դեպքում մասնավոր ընկերության վարկանիշ ստանալու գինն իր մեջ ներառում է նաև սուվերեն ռիսկի գնահատումը, հետևաբար, նաև ծախսերը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Standard&Poors-ի սուվերեն վարկանիշի ստացումը հեռանկարում թույլ կտա նաև այդ կազմակերպության հետ համագործակցությամբ մեր երկրի համար մշակել վարկանիշային ազգային սանդղակ՝ հաշվի առնելով նմանատիպ սանդղակների մշակման Standard&Poors-ի հարուստ փորձը: Սա կարող է նոր խթան դառնալ մեր երկրում բիզնեսի թափանցիկության և կառավարման ստանդարտները բարձրացնելու համար։