Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ փաստաթուղթ է ձեռք բերել 700 քաղաքացի․ԱԱԾ բացահայտումը

Covid-19
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ԲԿ-ի 6 աշխատակից ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ տարբեր բուժհաստատություններում Հայաստանում բնակվող ավելի քան 700 քաղաքացի փաստացի չեն պատվաստվել, սակայն փաստաթղթերով նրանք ձևակերպված են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Կառույցի աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել է, որ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ կաշառք են վերցրել քաղաքացիներից և պատվաստման կեղծ փաստաթղթեր տրամադրել։
COVID-ից բուժված քաղաքացին 90 օր ազատվում է թեստ հանձնելու կամ պատվաստվելու պահանջից
«2021 թվականի ապրիլից մինչ օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ՀՀ այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացի փաստաթղթերով ձևակերպված են եղել, սակայն փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով։ Փոխարենը նրանք կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ»,- նշում են ԱԱԾ-ից:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Քրեական գործի նախաքննությամբ կատարվել է մեկ տասնյակից ավելի խուզարկություն, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները։ Ձեռք են բերվել նաև այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, ովքեր փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել է նույն ԲԿ-ի 6 աշխատակից։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գրանցման գործընթացն ընթանում է ևս 30 երկրում
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին նույնպես ԱԱԾ-ն բացահայտել էր չարաշահումներ՝ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում։ Դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր 6 քրեական գործ՝ թվով 6 ԲԿ-ում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, ձերբակալվել 3 բուժաշխատող։ Covid-19 համավարակի դեմ պատվաստման կեղծ տվյալներ են գրանցվել ՀՀ-ից բացակայող քաղաքացիների բժշկական քարտերում։
Նշենք, որ հոկտեմբերի 7–ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հրահանգել էր շատ խիստ միջոցներով պայքարել Հայաստանում առկա կեղծ պատվաստումների դեմ: