ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշումը շատ հետևողական է։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
«Բախումներից սկսած` մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը, դիվանագիտական միջոցներին, որպեսզի հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում, և Հնդկաստանը դրա կողմնակիցն է»։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպմանը ևս հնդիկ պաշտոնյան ընդգծել էր Հնդկաստանի շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Ջայշանկարը Twitter- ում գրել էր, որ ուրախ է լինել Հնդկաստանի առաջին արտգործնախարարը, որն այցելում է Հայաստան, և որ պատմական կապ է տեսնում հայաստանի ու իր հայրենիքի միջև: