ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայազգի բարերար, արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը հոկտեմբերի 12 -ին Americas Society-ի կողմից պարգևատրվել է Լատինական Ամերիկայի գործարար համայնքում իր ներդրման, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում իրականացրած բարեգործության համար։
Ինչպես հայտնում է diarioarmenia.org կայքը` հղում անելով Infobae-ին, Էռնեկյանը Ոսկե մեդալ է ստացել Դեյվիդ Ռոքֆելլերի կազմակերպության կողմից` գործարարության և բարեգործության համար: Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում։
«Մենք պետք է համախմբենք և արդիականացնենք մեր տնտեսությունները: Այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք այն ընկերություններին, որոնք հատում են սահմանները, և այն անհատներին, ովքեր տարբեր ոլորտներում կարողանում են փոփոխություններ մտցնել: Այսօր ժողովրդավարությանը սպառնում են պոպուլիստական գաղափարախոսությունները», - իր խոսքում ասել է Էռնեկյանը։
Նա նշել է, որ համախմբումը պետք է, որովհետև երկրների առաջ ծառացած են այնպիսի գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են սպառազինությունների մրցավազքն ու ահաբեկչությունը։