ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։ Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու»։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր։
Հրամանի գործողության համար ժամկետ է սահմանվել հոկտեմբերի 14-ը։