ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական ոստիկանության ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից` ադրբեջանական կողմի տարածած լուրերն ապատեղեկատվություն որակելով։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված լուրը, համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, ապատեղեկատվություն է։ Այն նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։
Սպանության փաստով քրգործ է հարուցվել։