ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի պետական կառավարման ֆակուլտետի դասախոս Պավել Տարուսինն ամերիկացի սենատորների գործողություններն անպատասխանատու է որակել:
«Այդ կոչերն աննորմալ են։ Դրանք անում են անպատասխանատու մարդիկ։ Նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում արտաքին քաղաքականության արդյունքների համար։ Նրանք կարող են ամեն ինչ ասել»։
Միաժամանակ քաղաքագետը նշել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը, ոչ թե Կոնգրեսը։
«Իսկ կոնգրեսականների, ամերիկացի սենատորների ելույթները պարզապես որոշակի ֆոն են ձևավորում, հնարավորություններ են տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ամերիկա-ռուսական հարաբերությունները կարգավորելու համար։ Դրանք առաջարկություններ են, որոնք պայմանական բնույթ են կրում։ Բայց ողջախոհությունը Վաշինգտոնում, ինչպես տեսնում ենք, ամեն դեպքում գերիշխում է։ Ժամանել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, բանակցություններ են ընթանում։ Այո, դժվար է։ Բայց դրանք կշարունակվեն։ Կարծում եմ, որ ինչ-որ կառուցողական հարաբերություններ կհաստատվեն, քանի որ դա բխում է և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի շահերից։ Այլապես, իրար չհասկանալով համաշխարհային մակարդակի խնդիրները լուծելը շատ բարդ է», - նշել է Պավել Տարուսինը։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մեկնաբանել էր ևս 35 ռուս քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ամերիկացի սենատորների նոր առաջարկը:
Անտոնովի խոսքով՝ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, թե ինչ մոլագար համառությամբ են ԱՄՆ-ում փորձում փլուզել ռուս-ամերիկյան հարաբերությունները։
Դիվանագետի կարծիքով՝ Կապիտոլիումում նման գործողություններով ուզում են «Ամերիկայի թշնամիների դեմ պայքարի» պատրանք ստեղծել. այն թշնամիների, որոնց իրենք էլ հորինում են` իրենց երկրի կենսական խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն: