Սյունիքի մարզպետի պաշտոնում իմ նշանակման լուրը աղերս չունի իրականության հետ. Խաչատրյան

Արմեն Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի խոսքով` Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարականի դիմում չի գրել և չի էլ գրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputrnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ իրեն Սյունիքի մարզպետ նշանակելու լուրը սուտ է։

«Դա որևէ աղերս չունի իրականության հետ, և նման քննարկում ՔՊ–ում չի եղել։ Այդպիսի ցանկություն չունեմ, և նման հարց ընդհանրապես օրակարգում չի եղել»,– Sputnik Արմենիային ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել, Խաչատրյանն ընդգծեց` Պողոսյանը հրաժարականի դիմում չի գրել և չի էլ գրելու. նրա պաշտոնավարումն այսօր շատ կարևոր է, քանի որ կան անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, հետևաբար շատ լավ է, որ Սյունիքի գործող մարզպետը բանակից սերված անձ է, նրա դերակատարումն այդ առումով շատ մեծ է։
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը ծնվել է 1973թ. դեկտեմբերի 4-ին Գորիսում: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Նա աշխատել է նաև նախորդ գումարման Ազգային ժողովում ( «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ):
Գյումրի ու Վանաձոր համայնքներում ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել