ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր կայացած նիստում մերժել է ՀՀ նախագահի դիմումը` Դատական օրենսգրքում և հարակից 8 օրենքներում լրացումների ու փոփոխությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ՍԴ–ից` նախագահի դիմումը մերժվել է «նշված գործով ձայների հավասարության հետևանքով», որի պատճառով, ըստ էության որոշում չի ընդունվել։
Հիշեցնենք` ՀՀ նախագահն օրենքը ՍԴ էր ուղարկել այս տարվա ապրիլի 12-ին:
Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ փորձագիտական շրջանակների հետ օրենքների փաթեթը քննարկելուց հետո եկել է այն եզրահանգման, որ դրանք առերևույթ հակասում են Սահմանադրությանը, և որոշել է դիմել Սահմանադրական դատարան:
«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»,– ասվում էր նախագահի մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։
Հավելենք` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն էին ներկայացվել 2021թ.–ի մարտի 22-ին:
Մինչ ՍԴ դիմելը նախագահը ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկել էր արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:
Մասնագետների համոզմամբ` օրենքում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միասնականության հիմնարար պահանջների հետ։
Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, բարդության վրա։
Մեկնաբանությունների համաձայն`սա կարող է հանգեցնել դատավորների առանձին էլիտար խմբի ձևավորմանը, ինչի արդյունքում պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահությունը կնվազի։
Բացի այդ, նախատեսվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Բարձրագույն դատական խորհրդում քննարկելու խնդիրը՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու։