Քուվեյթցի կանայք պատմության մեջ առաջին անգամ իրավունք են ստացել ծառայել բանակում

Քուվեյթի բանակ
Կանանց զորակոչն առայժմ կսահմանափակվի բժշկական ու մի շարք օժանդակ մասնագիտություններով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Քուվեյթի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարությունը կանանց զորակոչ է իրականացնում։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով KUNA լրատվական գործակալությանը:
Արաբական էմիրության կանանց զինվորական ծառայություն անցնելու մասին հրամանագիրը ստորագրել է Քուվեյթի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ջաբեր ալ-Ալի աս-Սաբահը:
«Քուվեյթցի կանայք ապացուցեցին, որ իրենք մեր տղամարդկանց իսկական քույրերն են և օգնեցին նրանց բոլոր ոլորտներում ՝ երկրի համար ամենադժվար պայմաններում և ժամանակաշրջանում: Հետևաբար, ժամանակն է Քուվեյթի քաղաքացիներին հնարավորություն ընձեռել զինվորական ծառայության անցնել Քուվեյթի բանակում», - ասել է նա։
Կանանց զորակոչը առայժմ կսահմանափակվի բժշկական ու մի շարք օժանդակ մասնագիտություններով: