ՌԱԴԻՈ

Պետությունը չի կարող քաղաքացուն հարկադրել բուժմիջամտություն, թեկուզ պատվաստման նպատակով

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է համավարակի պայմաններում պետության և քաղաքացիների պարտավորություններին ու իրավունքներին, ինչպես նաև պատվաստվել–չպատվաստվելու խնդրին։
Sputnik
Կորոնավիրուսի համավարակի ժամանակ պատվաստումը պարտադիր բնույթ չի կարող ունենալ, յուրաքանչյուր անձ ինքն է որոշում` պատվաստվի, թե ոչ։ Արգելված է նաև չպատվաստվելու հիմքով խտրականությունը, այսինքն`անձը չի կարող բժշկական օգնություն ստանալ ավելի լավ պայմաններով, որովհետև պատվաստված է`ի տարբերություն այն անձի, ով պատվաստված չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի մասին, ասաց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
«Նման իրավիճակում, երբ առկա է խտրականություն, ամենաարագ քայլը ՄԻՊ–ին դիմելն է, այնուհետև փաստաբաններ ներգրավելը, ովքեր պետք է համապատասխան բողոքներ ուղղեն առողջապահության նախարարությանը, որովհետև բժշկական հաստատություններն ի վերջո պետք է մասնագիտական օգնություն ցուցաբերեն բոլորին, քանզի քաղաքացիներն ունեն բժշկական օգնություն ստանալու սահմանադրական իրավունք»,– նշեց փաստաբանը։
Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
Հովհաննիսյանի դիտարկմամբ` խտրական մոտեցման դեպքում խնդիրն այն է, որ անձն իր առողջական հրատապ խնդիրը թողնելու է մի կողմ և մտնի դատաիրավական քաշքշուկների մեջ, ինչն անընդունելի է։ Ու եթե մարդը մահանա, էլ ում է պետք, որ նրա ժառանգներն անգամ հարազատի մահից հետո հասնեն ինչ–որ արդյունքի։

«Պետությունը պետք է բարենպաստ միջավայր ստեղծի, որպեսզի հաղթահարի պանդեմիան, որպեսզի անձանց առողջության պահպանման համար ապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները, իր լծակներով նպաստի, որ մարդիկ պահպանեն անվտանգության կանոնները, բայց չի կարող քաղաքացուն հարկադրել բժշկական միջամտություն թեկուզ պատվաստման նպատակով։ Ոչ ոք չի կարող իր կամքին հակառակ ենթարկվել բժշկական միջամտության»,– պնդեց փաստաբանը։

Հովհաննիսյանի համոզմամբ` մարդուն չեն կարող պատվաստել` ասելով, որ դա անհրաժեշտ է նրա առողջությունը պահպանելու համար, որպեսզի թեթև տանի վարակը կամ չմահանա։ Ըստ նրա` պետությունը միայն իրավունք ունի վարակված անձանց մեկուսացնել, ինչն իրավաչափ է, բայց չի կարող մարդկանց հարկադրաբար պատվաստել, որովհետև քաղաքացու օրգանիզմը նրա սեփականությունն է, նա ինքն է որոշում, թե իր օրգանիզմ ինչ կարող է ներարկվել կամ ներմուծվել։
«Մարդու գլխից նույնիսկ մազ չեն կարող պոկել, արյուն վերցնել կամ դեղ սրսկել իր կամքին հակառակ, առավել ևս, որ այս պատվաստումները դեռ վերջնական փորձարկումներ չեն անցել։ Նման դեպքում քաղաքացին պատվաստվելով ենթարկվում է բժշկական փորձարկման»,– նշեց փաստաբանը։
Երանոսի բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել մարդկանց ու բերման ենթարկվել
Հովհաննիսյանի պնդմամբ` պետությունը նորմալ քարոզ չի իրականացնում, մինչդեռ պետք է կազմակերպի ակտիվ քննարկումներ ԶԼՄ–ներով, ասպարեզ բերի այնպիսի բժիշկների, որոնց հանդեպ կա համընդհանուր վստահություն, ներկայացնի նրանց տեսակետն ու հորդորները, իսկ վերջիններս պետք է երաշխավորեն, որ պատվաստումները մարդկանց վրա չեն ունենա բացասական ազդեցություն։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած` ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։