ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահը մշտական հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ վարչապետի հետ։ Այս մասին այսօր Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունելով հյուրին` ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարգելի Նիկոլ Վովաևիչ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը, թեև մենք Ձեզ հետ մշտապես հեռախոսային կապի մեջ ենք, բայց, իհարկե, անմիջական հանդիպումը միշտ ավելի արդյունավետ է լինում»։
Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը ևս բացառություն չի լինելու։
ՌԴ նախագահը նշեց, որ քննարկման հարցերի թվում են նաև առաջիկայում նախանշված ԱՊՀ հանդիպման օրակարգն ու տարածաշրջանի կայունացմանը վերաբերող հարցերը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 12-ին է աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։
Նախատեսվում է, որ Մոսկվայում տեղի ունեցող հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: