ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Իրանը հայտարարել է, որ փաստեր ունի, որոնք հաստատում են Ադրբեջանի Հանրապետություն ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին։ Այս մասին այսօր ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն` Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում:
«Իրանը տիրապետում է նրանց խոսակցությունների ձայնագրություններին, որոնք ձեռք է բերել հետախուզության միջոցով», - ասել է իրանցի պաշտոնյան։
Նա նաև հիշեցրել է, որ Իրանը կովկասյան զարգացումներում ողջունել է հարևան երկրների իրավունքների վերականգնումը, մասնավորապես` «Ադրբեջանի Հանրապետության իրավունքների վերականգնումը»` Արցախյան պատերազմի արդյունքում։
«Մինչդեռ, մենք կարծում էինք, որ պատերազմը դրան հասնելու ճիշտ մեթոդը չէ և ընդգծում ենք դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտությունը», - ասել է նա:
Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը և Ռուսաստանն են աջակցել անցյալ տարի Ղարաբաղյան պատերազմից հետո պատերազմող կողմերի միջև դիվանագիտական բանակցությունների վերականգնմանը։
Հիշեցնենք` 2020թ–ի դեկտեմբերի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին հայտարարել էր, որ Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։