Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են Մոսկվայում

Սերգեյ Շոյգուն ու Արշակ Կարապետյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Կարապետյանն աշխատանքային այցով ՌԴ է մեկնել երեկ։ ՊՆ–ն այցի նպատակի և սպասվող հանդիպումների մասին մանրամասներ չէր հաղորդել։
Նշենք, որ սա Արշակ Կարապետյանի՝ նախարարի պաշտոնում երրորդ աշխատանքային այցն է Մոսկվա։ Նա երկու անգամ Մոսկվա էր մեկնել օգոստոսին։ Առաջին այցը օգոստոսի 10-ին էր՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։
Այդ այցի ժամանակ Շոյգուն խորհրդանշական նվեր՝ դաշույն էր հանձնել Կարապետյանին՝ ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
Երկրորդ այցը օգոստոսի 22-ին էր, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՌԴ–ում մասնակցում էր «Բանակ 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: