Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող

«Covid-19» համավարակի դեմ պատվաստման կեղծ տվյալներ են գրանցվել ՀՀ-ից բացակայող քաղաքացիների բժշկական քարտերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փաստական տվյալներ է ձեռք բերել, որ Երևանի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում չարաշահումներ են թույլ տվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Ովքեր են դիմել վարչապետին, ու ով է կեղծ պատվաստում արել. նախարարի պարզաբանումը
Ըստ այդ տվյալների՝ բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, բուժաշխատողները ՀՀ-ից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել բժշկական քարտերում։
«Իրենց տնօրինմանը հանձնված «Covid-19» համավարակի համար նախատեսված տարբեր տեսակի պատվաստանյութերը չեն օգտագործել նպատակային նշանակությամբ, դրանցով պատվաստումներ չեն իրականացրել։ Այդ անձանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ»,- նշում են ԱԱԾ-ից:
«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք». Փաշինյանը պահանջեց պատվաստման հարցում անցնել կոշտ միջոցների
Դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 6 քրեական գործ՝ թվով 6 ԲԿ-ում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ։ Ձերբակալվել է 3 բուժաշխատող, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։