ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո ձգտում է իր ուժերը վերատեղակայել Ասիայում և այդ տարածաշրջան ուղղել աֆղանցի փախստականների հոսքը։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության մասնակից երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում։
«Ցավոք, տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորություններն ավելի պարզ չեն դառնում՝ զսպելով դրա անցումը համապարփակ բազմակողմ կոոպերացիայի և ինտեգրման կոորդինատների համակարգին: Մենք իրավիճակը «թեժացնելու», միջպետական փոխգործակցության գոյություն ունեցող մեխանիզմները խարխլելու նպատակաուղղված փորձեր ենք տեսնում»,-ասել է Լավրովը։
Այդ համատեքստում նա առանձնացրել է «Հյուսիսատլանտյան դաշինքի ձգտումը՝ Աֆղանստանից հետո ուժերը վերատեղակայել տարածաշրջանի այլ գոտիներում՝ լինի դա Կենտրոնական, Հարավային կամ Հարավ-Արևելյան Ասիան, և միաժամանակ այդ շրջաններ ուղղել աֆղան փախստականների հոսքերը»:
Միաժամանակ, նշել է ՌԴ արտգործնախարարը, ՆԱՏՕ-ն շրջանցում է իր քսանամյա փորձարկումների հետևանքների համար պատասխանատվության հարցը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանք մուտք գործեցին Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթվա ընթացքում Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկացի զինվորականների հսկողության տակ, Արևմուտքի երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում էր ընթանում:
Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում Է Մոհամադ Հասան Ախունդը։ Նա «Թալիբանի»* առաջին կառավարման ժամանակ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը և 2001 թ․-ից ի վեր ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է գտնվում:
*Թալիբան – ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում