Իտալիա, վաղ առավոտ,Կվիրինալյան պալատ։ Րոպեներ անց Իտալիայի նախագահի նստավայրի տանիքին բարձրացվելու է հայկական դրոշը։ Ի՞նչ եք կարծում, այդ պահին ի՞նչ կարող է անել հայ լրագրողը։ Ճիշտ է` կորոնավիրուսի թեստ հանձնել։
Հայ լրագրողները կորոնավիրուսի հերթական թեստն են հանձնում Իտալիայում
© Sputnik / Nana Martirosyan
Ավելի քան մեկ տարի տևող համավարակի ողջ ընթացքում ընդամենը երեք թեստ եմ հանձնել, սակայն Իտալիայում գտնվելու 4 օրերի ընթացում հանձնեցի 5-ը։ Ինչպես պարզվեց` իտալացիները շատ են վախենում այս հիվանդությունից և դառը փորձից ճիշտ հետևություններ են արել։ Իսկ բոլոր այս անվտանգության միջոցներն այն պատճառով են, որ հայկական պատվիրակության լրագրողներից մեկը վարակված էր կորոնավիրուսով և ստիպված էին ամեն օր ստուգել մյուսների վիճակը։
Անգլերենին չտիրապետող իտալացիները ժեստերով և խիստ հայացքներով մեզ` անփույթ հայ լրագրողներիս սովորեցրին չհանել դիմակն ու ճիշտ արտասանել «Ժուռնալիստո կորոնա լա տամպոնե» արտահայտությունը, ինչը թարգմանաբար նշանակում է «Լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնում»։
Իսկ մինչ նախագահը պաշտոնական հանդիպումներ էր անցկացնում, մենք այդ ընթացքում թեստերի մեր բաժինն էինք հանձնում` միաժամանակ հղկելով այս արտահայտության արտասանությունը հնարավոր ամեն տեղ։
Հայ լրագրողները ՀՀ Նախագահի ու Իտալիայի վարչապետի հանդիպումից առաջ վազում են կորոնավիրուսի թեստ հանձնելու
© Sputnik / Aram Nersesyan
Մարդիկ խեթ հայացքներ էին գցում և փորձում շրջանցել վարակիչ ամբոխին։ Մեր միկրոավտոբուսի վարորդն էլ ուղևորությունն անվանել էր «տամպոնադա» և կատակում էր` ասելով, թե Իտալիա ենք ժամանել ոչ թե պիցցա համտեսելու, այլ կորոնավիրուսի թեստերի բազմազանությունը փորձելու։ Թեստավորում անցկացնող բուժանձնակազմը ևս հումորով էր և բաց չէր թողնում մեզ հետ կատակելու հնարավորությունը։
– Օրիորդ, արդեն հասցրե՞լ եք տեսնել Հռոմը։
– Նախատեսում եմ այս երեկո։
– Իզուր եք նախատեսում, – ծիծաղում էր ճաղատ տղամարդը` երկար տուպֆերով ուղեղիս մեջ մի տեղ թեստ վերցնելիս։
Բարեբախտաբար, բոլոր թեստերի պատասխանները բացասական էին, այլապես ստիպված կլինեինք երկու շաբաթ կարանտինի մեջ անցկացնել Հռոմում, ինչպես մեր գործընկերոջ դեպքում եղավ։ Սակայն թեստի յուրաքանչյուր հաջորդ հանձնում ավելի ու ավելի դժվար էր։
Ուղևորության վերջում մենք արդեն անհամբեր սպասում էինք թեստի էլեկտրոնային պատասխանին, արդյունքները դիմավորում ծափահարություններով, շնորհավորում միմյանց և սելֆի անում հերթական բուժաշխատողի հետ։ Երբեմն պայմանավորվում էինք վիրուսն «անունով» չկոչել, քանի որ իտալացի գործըներները քամու արագությամբ փախչում էին` իմանալով, որ կողքին հայ լրագրող է նստած։ Իսկ երբ մոռանում էինք մեր պայմանավորվածության մասին և սկսում խոսել շատ վտանգավոր «դելտա» շտամի և մեր գործընկերոջ առողջական վիճակի մասին, շուրջբոլորն ամայանում էր։
Sputnik Արմենիայի լուսանկարիչը` Իտալիայում կորոնավիրուսի թեստ վերցնող բուժաշխատողի հետ
© Sputnik / Aram Nersesyan
Բայց առանձնակի զվարճալի էր նայել հյուրանոցի ադմինիստրացիայի աշխատակիցներին, որոնք մեզ հետ զրուցելիս մեկ քայլ հետ էին գնում անկախ մեզ բաժանող ապակու առկայությունից և անմիջապես դիմակ դնում։ Նրանք տարակուսում էին` իմանալով, որ լրագրողներից մեկը հաջողացրել է հանդիպել վարակված գործընկերոջ հետ և նրան սննդամթերք փոխանցել` թեև տասնյակ մետրերի հեռավորությունը պահպանված էր։
Իսկ հանդիպումից առաջ հայկական կոնյակով քիթը ախտահանելու նրա կատակից նրանք ընդհանրապես անակնկալի էին գալիս։ Վարչական շենքերում իտալացիները մի կողմ էին քաշվում և մեզ ճանապարհ տալիս, բայց ոչ թե ջենթլմենական նկատառումներից ելնելով, այլ հայկական հզոր վիրուսով չվարակվելու վախից։ Կարծես թե դրա նկատմամբ անտարբեր էր միայն բուժանձնակազմը։
– Ինչո՞ւ են թեստերը ձեզ մոտ «տամպոնե» անվանում։
– Շուտով կհասկանաք, – չարախնդալով ասաց ճերմակահեր բժիշկն ու հերմետիկ տոպրակից հանեց հսկայական բամբակյա տամպոնը։
– Թեստերի նման բազմազանություն ես չէի ունեցել, – ասացի ես, և ինձ դեռ թվում էր, թե նա կատակում է։
– Կյանքում ամեն ինչ առաջին անգամ է լինում, – ասաց տղամարդը` հսկայական տամպոնը մտցնելով քթիս մեջ։
Մենք մեզ մխիթարում էինք նրանով, որ աշխարհում քչերն են թեստ հանձնել նման բարձր գեղագիտական վայրերում, ինչպիսիք են Կվիրինալյան պալատը, Պալացցո Կիջին և Հռոմի Հանրապետության հրապարակը։ Միաժամանակ բոլորս հասկանում էինք, թե որքան կարևոր էին անվտանգության այս միջոցները ու նաև այն, թե որքան բան կարող էինք տեսնել Իտալիայում և պիցցայի քանի տեսակ կարող էինք համտեսել, եթե Հայաստանում թեստերը նույնքան մանրակրկիտ անցկացվեին, որքան այնտեղ։
Կորոնավիրուսի թեստի պատասխանը
© Sputnik / Nana Martirosyan
Խոստովանեմ` հայրենիք վերադառնալու համար երբեք այսքան ուրախ չէինք եղել, ինչպես նաև այն լուրի, որ ժամանելուն պես թեստ հանձնելու կարիք չկա։