ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13-15-ը Մոսկվա է գործուղվում։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում։
Մոսկվա այցելության նպատակը «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Պապիկյանի հետ Մոսկվա կմեկնեն նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթների համակարգող Էդմոնդ Դավթյանը։
Որոշման մեջ նշված է, որ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Նշենք, որ վաղը` հոկտեմբերի 12-ին, աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։