Իսրայելի Յավնե քաղաքում հնագիտական պեղումները բացահայտել են բյուզանդական շրջանի մասշտաբային արդյունաբերական համալիր, որում տարեկան մինչև երկու միլիոն լիտր գինի է արտադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսրայելի Հնությունների վարչությանը։
Նշվում է, որ հայտնաբերված գինու գործարանը կառուցվել է ժամանակի առաջադեմ տեխնոլոգիաներով։ Հայտնաբերվել են գինու հինգ հրաշալի մամլիչներ՝ 225 քառակուսի մետր մակերեսով, գինու հնեցման պահեստներ և այլն։
«Մենք զարմացած էինք՝ այստեղ հայտնաբերելով արդյունաբերական քանակների գինու արտադրության այսպիսի գործարան»,- նշում են պեղումների ղեկավարներ դոկտոր Էլի Հադդադը, Լիաթ Նադավ Զիվը և դոկտոր Յոն Սելիգմանը։
Դատելով այդ գինու մամլիչի արտադրական հզորություններից՝ տարեկան վաճառվել է մոտ երկու միլիոն լիտր գինի։ Եվ դա այն դեպքում, երբ այդ ժամանակ ամբողջ գործընթացը կատարվում էր ձեռքով։ Գտածոն վկայում է, որ քաղաքը մեկուկես հազար տարի առաջ համաշխարհային գինեգործության կենտրոններից մեկն է եղել։
Յավնե քաղաքի իշխանությունները մտադիր են հնավայրի տեղում հնագիտական այգի ստեղծել, որը բաց կլինի զբոսաշրջիկների համար: