ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ից տաղանդավոր պարֆյումերը սեպտեմբերին իր աշխատանքները ներկայացրել է միջազգային Pitti Fragranze-2021 ցուցահանդեսում։ Հենց այնտեղ է Voskanian Parfums-ի նորույթներին ծանոթացել Çafleurbon-ի խմբագիրը։
Çafleurbon հեղինակավոր պարբերականը, որը մասնագիտացած է օծանելիքի ոլորտում, հայ երիտասարդ պարֆյումեր Ծովակ Ոսկանյանին կոչել է «տարվա բացահայտում»։
Հոդվածի հեղինակը` հայտնի պարֆյումեր Էրմանո Պիկոն, Ծովակի աշխատանքներին ծանոթացել է Իտալիայում Pitti Fragranze-2021 օծանելիքի միջազգային ցուցահանդեսում:
«Pitti Fragranze-2021-ում «Լավագույն հայտնագործություն» մրցանակը ես տալիս եմ 28-ամյա ինքնուս հայ պարֆյումեր Ծովակ Ոսկանյանին։ Նա ինձ հրապուրեց Voskanian ապրանքանիշի շարքով՝ հրաբխային քարից պատրաստված եզակի սրվակներով»,- գրել է Պիկոն։
Նա իր ընթերցողներին հայտնել է, որ Ծովակն անձամբ է Երևանից ոչ հեռու գտնվող վայրում բուրավետ բույսեր աճեցնում և ինքն էլ եթերային յուղեր է ստանում։
«Ավելի ուշ նա ուրախացրեց ինձ իր խանդավառությամբ և փայլուն աչքերով՝ ինձ ծանոթացնելով իր 4 նորույթին։ Մարգարիտ էր Pèche Chyprée բույրը»,- նշել է Պիկոն՝ բույրը «պարզապես հիանալի» որակելով։
Ծովակն էլ խոստովանել է՝ չի սպասել, որ կհայտնվի Çafleurbon-ի էջերին։
«Աշխարհահռչակ Çafleurbon ամսագիրն ինձ անվանել է «տարվա բացահայտում»։ Դա ինձ համար մեծ անակնկալ էր»,- Facebook-ի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ Ծովակ Ոսկանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել էր այն մասին, թե ինչպես են իր աշխատանքները հայտնվել Փարիզում և Լոնդոնում, ինչպես նաև Հայաստանում օծանելիքի գործի բարդությունների մասին: