ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյան տնտեսվարողներն իրավունք են ստացել մասնակցելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին` հաստոցաշինության, մեքենաշինության, կահույքի և փայտամշակման արդյունաբերության, երկաթուղային մեքենաշինության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության, թեթև և քիմիական արդյունաբերության ու նավաշինության ոլորտներին։
Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Իհարկե, առաջին հայացքից երևում է, որ մենք չունենք նման արտադրական հզորութոյուններ, օրինակ, նավաշինության ոլորտում։ Կամ կահույքի և փայտամշակման արդյունաբերություն ունենք, բայց տեղական շուկայում»,– ասաց փոխնախարարը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ Հայաստանում կան գործարարներ, որոնց ինժեներները տվյալ արտադրանքի գծագրերն ունենալու դեպքում կարող են այդ պատվերներն իրականացնել։
Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ հայկական ընկերություններից որոշներն արդեն մասնակցում են այդ շուկաներին։
«Օդանավերի արտադրություն մենք չունենք, բայց ունենք, օրինակ, Գորիսի «Գամմա» ընկերությունը, որը պատրաստում է մասեր, որոնք օգտագործվում են ՌԴ ռազմական օդանավերի մեջ»,– ասաց նա։
Վարոս Սիմոնյանի գնահատմամբ` Հայաստանն այս համակարգից կարող է օգտվել ոչ միայն ուղղակիորեն, այլև անուղղակի կերպով։
«Հայաստանը կարող է դառնալ լավ հարթակ օտարերկրյա կազմակերպությունների համար, որ գան, իրենց արտադրությունն այստեղ հիմնեն, որ հնարավորություն ունենան միանալու ԵԱՏՄ շուկային»,– ասաց նա։
Փոխնախարարի գնահատմամբ` սա շատ լայն հարթակ է հայաստանյան ընկրությունների համար, քանի որ ԵԱՏՄ գնումները 2020թ–ին ընդհանուր շուրջ 140 մլրդ դոլար են եղել այն դեպքում, երբ Հայատանի գնումները շուրջ կես մլրդ–ի կարգի են։
Հանձնաժողովի նիստին ներկա ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ միասնական համակարգը այլ ոլորտների պարագայում գործում է դեռ 2019թ–ից և ներկայացրեց ԵԱՏՄ նախարարական կոմիտեի կայքում առկա պաշտոնական տեղեկատվությունը։ Դրա համաձայն` 2019թ–ին հայկական երկու ընկերություն հաղթող են ճանաչվել Բելառուսի գնումների մրցույթում, ստացել 230 000 դոլարի պատվեր։ ՌԴ–ում հաղթող է ճանաչվել 1 ընկերություն` 230 000 դոլարի պատվերով։ Իսկ 2020թ–ին Բելառուսում հաղթող է ճնաչվել 10 ընկերություն` 310 000 դոլար ծավալով, ՌԴ–ում` 16 հայկական ընկերություն` 110 000 դոլար պայմանագրային ծավալով։
2021թ–ի առաջին կիսամյակում Բելառուսում հաղթել է 1 հայկական ընկերություն, ՌԴ–ում` 11` 120 000 դոլար պայմանագրային ընդհանուր ծավալով։