ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակամազմից։
Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ սա Փաշինյանի ու Պուտինի 4-րդ հանդիպումը կլինի։ Նրանք վերջին անգամ հանդիպել էին ապրիլին, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել։