Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներին առաջարկել է գրավել թուրքական արգելված ապրանքների տեղը

Վարոս Սիմոնյան
Թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետն ավարտվում է 2022թ–ի հունվարի 1-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելուց հետո Հայաստանի կառավարությունը դիմել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին` առաջարկելով դրանք փոխարինել իրենց երկրներում արտադրվող ապրանքներով։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Մոտ 2350 անուն ապրանք տեղադրեցինք այնտեղ (ԵԱՏՄ էլեկտրոնային հարթակ. խմբ)` զգուշացնելով, որ դրանց ներկրումը արգելված է, ու այդ ապրանքները նաև երրորդ երկրներից պիտի չգան Հայաստան, և խնդրեցինք մեր գործընկերներին` դուք տեսեք առաջինը, ինչ ունեք, արտադրեք, մենք այսքան ներմուծում ունենք, դուք բերեք միանգամից։ Եվ ասեմ, որ ԵԱՏՄ անդամ երկրներից որոշ արտադրողներ արձագանքել են մեր այս առաջարկին»,– հայտնեց փոխնախարարը։

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը օրինակ բերեց թուրքական կտորեղենի ներկրումը` միաժամանակ նշելով, որ Ռուսաստանում ոչ պակաս որակյալ տեքստիլ արտադրություն կա։
«Հիմա մենք գիտենք, որ ՌԴ–ն շատ լավ կտորներ է արտադրում։ Հայաստանում կարող են այդ կտորներով ապրանքներ արտադրել։ Այս տեխնիկական խնդիրն ո՞վ է կատարելու, որ մեր կառույցների հետ բանակցի, ռուսական կտորի իրացման խնդիրը լուծի, այստեղ արտադրված ապրանքը փոխարինի երրորդ երկրներից եկողին»,– էկոնոմիկայի փոխնախարարին հարց ուղղեց գործարար պատգամավորը։
Սիմոնյանը վստահեցրեց, որ էկոնոմիկայի նախարարությունն արդեն զբաղվում է այդ հարցով, բացի այդ, ԵԱՏՄ շրջանակում ստեղծվել է արդյունաբերական կոոպերացիա, որը ևս նման պարտավորություն ունի։
Մինչև 2023 թվականը ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսության միասնական չափանիշներ կկազմեն
Հիշեցնենք, որ 2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ 2021թ–ի հունիսի 26-ի նիստում կառավարությունը ևս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
Գործող արգելքի ժամկետն ավարտվում է 2022թ–ի հունվարի 1-ից։
ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին կեսին կազմել է 1,9 մլրդ դոլար. փոխվարչապետ