ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Կյանքը ցույց տվեց, որ հանրության` վեթինգի մասին սպասումներն աստիճանաբար արդարանում են։ Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ երբ լինում է կոպիտ, էական խախտում, անկախ նրանից՝ միջնորդում է արդարադատության նախարարը, թե էթիկայի հանձնաժողովը, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԲԴԽ-ն օբյեկտիվություն է ցույց տալիս:
«Մենք ունենք նաև դեպքեր, երբ ԲԴԽ-ն մերժել է բավարարել մեր միջնորդությունը: Մենք շատ դրական ենք գնահատում թե՛ բավարարման, թե՛ մերժման դեպքերը, քանի որ հավատում ենք, որ ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որը պետք է որոշի՝ արդյոք դատավորը կոպիտ խախտում թույլ տվել է, թե ոչ: Եթե որոշում է, որ թույլ է տվել, ինչպես այսօր տեղի ունեցավ, և դատավորի լիազորությունները դադարեցվեցին, ուրեմն մենք այստեղ ունենում ենք մի կարևոր գործընթաց, այսինքն` տեղի է ունենում դատական համակարգի առողջացում»,- նշեց Անդրեասյանը։
Նշենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն դադարեցրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով։
Անդրեասյանի խոսքով` սկսված գործընթացի արդյունքում օրինական որոշումներ կայացրած դատավորները պետք է զտվեն ապօրինի որոշումներ կամ խախտումներ թույլ տված դատավորներից:
Նա հավելեց, որ այս պահին ուսումնասիրվում են դատավորներին վերաբերող մոտ 200 բողոքներ, որոնք ստացվել են քաղաքացիներից, դատախազությունից և բոլոր այն շահառուներից, որոնք առնչվում են դատական համակարգի թերացումների հետ:
Նախարարի խոսքով՝ գործընթացը բավականին երկար ու մանրակրկիտ է իրականացվում։ Դատավորների հեղինակությանը չվնասելու համար գաղտնի է պահվում, թե որ դատավորների դեմ քանի բողոքներ են ստացվել, անգամ վարույթը հարուցելուց հետո, որովհետև հնարավոր է՝ հետաքննության արդյունքում վարույթը կարճվի, ԲԴԽ միջնորդություն չներկայացվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲԴԽ-ն դադարեցրել էր նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները։ Հիմք էր հանդիսացել Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդությունը, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։