ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Մեծ բավականություն էր ոչ միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մաս կազմելը, այլև ուրախ ու ջերմ Երևանում հյուրընկալվելը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել են փառատոնի ժյուրիի անդամները ։
Ներկայացված ֆիլմերից գոհ են, նշում են՝ ընտրություն կատարելը, դժվար էր, քանի որ բոլոր ֆիլմերն էլ բարձրորակ էին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ամփոփիչ ասուլիսը
© Photo : Ed Tadevossian / Golden Apricot Yerevan International Film Festival
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատի խոսքով՝ ծրագիրն ուժեղ էր, ներկայացված տասը ֆիլմերից առնվազն հինգը կարող էին հաղթել:
Նշենք, որ այս մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել «Քարեր» ֆիլմը (ռեժիսոր՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել «Նոր հին ներկայացում» (ռեժիսոր՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։
«Ոսկե ծիրան» 18-րդ կինոփառատոնի փակման արարողությունը
© Sputnik / Golden Apricot Yerevan International Film Festival
Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակ է ստացել «Սանձում» (ռեժիսոր՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը։ FIPRESCI-ի ժյուրիի անդամ Դոմինիկ Շմիդը նշեց՝ իր հետաքրքրությունը տարածաշրջանային կինոյի նկատմամբ մեծացավ, իսկ գիտելիքները շատացան։
«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի անդամ Ֆիլիպ Ժալալդոն վստահ է, որ ապագան կարճամետրաժ կինոն է, որովհետև այդ ֆիլմերի երիտասարդ ռեժիսորներն են հետագայում խաղարկային և այլ կինոնկարներ նկարահանում:
«Ոսկե ծիրան» 18-րդ կինոփառատոնի փակման արարողությունը
© Sputnik / Golden Apricot Yerevan International Film Festival
«Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Աշխարհը» (ռեժիսոր՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան» ստացավ «Ստորգետնյա»-ն (ռեժիսոր՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ ստացավ «Գլխիվար»-ը (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։
Հավելենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնը մրցութային արդյունքներն ամփոփել է հոկտեմբերի 9-ին Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում: