ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահի նստավայրի սրահներից մեկը կվերածվի գրադարանի և կկրի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի հանրային գրադարանի երկարամյա նախագահ, Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի անունը։
«Ավրորա» մրցանակաբաշխությունը Վենետիկում
© Photo : official site of the President of RA
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն այս մասին հայտարարել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ «Ավրորան» մեկնարկից ընդամենը մի քանի տարի անց դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն, այլև՝ կարևոր ինստիտուտ։
Արմեն Սարգսյանն ու «Ավրորայի» մրցանակակիր Ջուլիեն Լուսենգեն
© Photo : official site of the President of RA
«Երախտագիտությունս եմ հայտնում այն անձանց, ովքեր սկսեցին այս գաղափարն ու այն դարձրին մեծ նվաճում։ «Ավրորայի» հիմնադրումն արդեն իսկ մեծ նվաճում է։ Ես նաև հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից։ Իրենց կյանքի ընթացքում նրանք շատ բաների են հասել, սակայն նրանք յուրահատուկ գործ են արել՝ հիմնելով «Ավրորան»»,- նշել է նախագահն ու առանձնահատուկ խոսել այս տարի կյանքից հեռացած Վարդան Գրեգորյանի մասին, ում գործը շարունակում է ապրել։
Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը «Ավրորայի» մրցանակաբաշխության ժամանակ
© Photo : official site of the President of RA
Նախագահի խոսքով՝ խորհրդանշանական է մրցանակաբաշխության անցկացման վայրը։ «Ավելի քան երեք հարյուր տարի առաջ հայերի մի փոքր խումբ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով հաստատվեց այստեղ՝ առանց որևէ բանի։ Բայց նրանք հայեր էին, վերապրող և ուժեղ։
Գալով այստեղ՝ նրանք արեցին անհավանականը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, նրանք աշխարհում առաջին «օֆշորային գոտին» ստեղծեցին, որը ծառայում էր ժողովրդին և դա անում էր՝ համախմբելով կրթված մարդկանց, ստեղծելով միջոցներ, զարգացնելով Վենետիկը և միաբանությունը»,- նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը
© Photo : official site of the President of RA
Արմեն Սարգսյանը շեշտել է՝ Մխիթարյան միաբանությունում այսօր հայկական ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկն է։ Նրա խոսքով՝ գրքի ու գիտելիքի արժևորումը մեր ժողովրդի ամենակարևոր հատկանիշներից մեկն է։
Հիշեցնենք, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության (SOFEPADI) և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին։