ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան տարանցիկ նոր երթուղի ստեղծել, և Թեհրանը մտադիր է մասնակցել այդ ճանապարհի կառուցմանը: ILNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրոլլա Հադեմին։
«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ երթուղի ստեղծել։ Մենք հայտարարել ենք այդ ճանապարհի շինարարությանը մասնակցելու պատրաստակամության մասին», - ասել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ «հայերի նոր միջանցքի ստեղծման ծրագիրը, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրենց հակամարտության հետ, շատ կարևոր հարց է և հիմնարար խնդիր»:
Հիշեցնենք, որ օրերս իրանական պատվիրակությունը ժամանել էր Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Խոսքը վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք՝ «Տաթև» տարանցիկ ճանապարհին, որի կառուցմանը մասնակցելու է նաև իրանական կողմը։
Թբիլիսիում նոր տարանցիկ միջանցքի նախագծին Վրաստանի հնարավոր մասնակցության մասին չեն խոսում։ Նախօրեին, սակայն, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նշենք, որ վերջին 1 ամսում Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը՝ գալով դեպի Հայաստան։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաև գումար է պահանջում։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտնել էր, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի 2 երկրների հարաբերություններում։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևից մինչև Սյունիքի մարզի Աղվանի գյուղ 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջովին պատրաստ ու ասֆալտապատված կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այս ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։
Կառավարությունը խոստացել է այն ավարտին հասցնել 2022թ–ի գարնանը։ Մինչև ձմեռ կկատարվեն գրունտային աշխատանքները, գարնանը` ձնհալից հետո, ճանապարհը կասֆալտապատվի։