Հիմնական անհանգստությունը, որ Հնդկաստանն ունի Հարավային Կովկասում, այն է, որ Թուրքիայի ակտիվ ջանքերով մեր տարածաշրջանում հայտնվել է Պակիստանը, և նախաձեռնվել է Թուրքիա–Պակիստան–Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Բենիամին Պողոսյանը։
Նրա տեղեկացմամբ` հիշյալ գործընկերության հիմքերը դրվեցին 2017 թվականին, երբ առաջին անգամ կայացավ արտգործնախարարների մակարդակով հանդիպում, սակայն գործընթացն ավելի ակտիվացավ 2020 թվականից հետո, երբ ստորագրվեց Իսլամաբադի հռչակագիրը, իսկ շաբաթներ առաջ տեղի ունեցան հատուկ նշանակության ուժերի եռակողմ զորավարժություններ։
«Այս ամենը Հնդկաստանին խիստ անհանգստացրել է, քանի որ բոլորին է հայտնի Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունների բնույթը։ Ու թեև Հնդկաստանն այլևս այդ հարևանին իր համար կենսական սպառնալիք չի համարում` հաշվի առնելով քաշային տարբեր կատեգորիաները, բայցևայնպես Թուրքիայի ձեռամբ Պակիստանի հայտնվելը Հարավային Կովկասում մտահոգության տեղիք է տալիս։ Հենց այդ հանգամանքով է բացատրվում Հնդկաստանի աճող ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ»,– նշեց միջազգայնագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի մասնակցությամբ Ռուսաստան–Իրան–Հնդկաստան հնարավոր դաշինքը կարո՞ղ է արդյոք լիարժեք հակակշիռ լինել Թուրքիա–Պակիստան–Ադրբեջան առանցքին, Պողոսյանն ընդգծեց, որ զուտ Հարավային Կովկասի առանչությամբ Ռուսաստան–Հնդկաստան–Իրան առանցքի մասին խոսելը չափազանց բարդ է, քանի որ Ռուսաստանն ու Հնդկաստանը աշխարհի առանձին բևեռներ են, ունեն շատ խնդիրներ, հետևաբար ասել, որ ձևավորվելու է վերոհիշյալ առանցքը, որովհետև մեր տարածաշրջանում է հայտնվել Պակիստանը, կնշանակի գերագնահատել Հարավային Կովկասի նշանակությունը։
«Հնդկաստանը փորձում է Ռուսաստանից զենքեր գնել` չհայտնվելով ամերիկյան պատժամիջոցների տակ։ Բացի այդ, նա ռազմավարական գործընկերություն ունի ԱՄՆ–ի հետ։ Գործում է նաև ԱՄՆ–Հնդկաստան–Ճապոնիա–Ավստրալիա առանցքը, որն աստիճանաբար ամերիկացիների ջանքերով վերածվում է ասիական ՆԱՏՕ–ի` ուղղված Չինաստանի դեմ, հետևաբար ես մի փոքր զգույշ կլինեի հայտարարելու համար, թե ձևավորվելու է Ռուսաստան–Իրան–Հնդկաստան առանցք»,– նշեց միջազգայնագետը։
Անդրադառնալով կոնկրետ մեր տարածաշրջանին` Պողոսյանն ընդգծեց, որ թուրք–պակիստանյան տանդեմի և Հնդկաստանի աճող անհանգստության ֆոնին Հայաստանը կարող է հանդես գալ որպես Հնդկաստանի գործընկեր։
«Բայց եթե շարունակվեն այն ազդակները, որ վերջին ամիսներին Երևանն ուղարկում է Անկարային ու միջազգային գործընկերներին` հայտարարելով տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, սահմանները թուրք–ադրբեջանական կապիտալի համար բացելու մասին, վախենամ, որ մենք հազիվ թե Հնդկաստանի համար հետաքրքրություն ներկայացնենք»,– ասաց միջազգայնագետը։
Պողոսյանի կարծիքով` ՀՀ–ում վերջին 30 տարիներին կար ընկալում, որ Հնդկաստանն ընդամենը յոգան է, «Բոլիվուդը» և համեմունքներով համեմված կծու սնունդը կամ առավելագույնը՝ հազարավոր հնդիկ ուսանողները, ովքեր Հնդկաստանից գալիս են այստեղ, մինչդեռ այս մոտեցումը պետք է արմատապես վերանայվի։
Նշենք, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ պատմության մեջ առաջին այցը անկախ Հայաստան։
Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: